Վահագնի տոն: Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով: Հայոց տոմարում նրա անունով է կոչվել 27-րդ օրը: Տրնդեզի կրակի բոցերի վրայով թռչելով, ըստ պատկերացումների, Վահագնի հուրը/կրակը/, հզորությունը, անպարտելիությունը, հաջողությունը անցնում են քո մեջ:
Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները:
Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տեառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն:
Ըստ հրեական օրենքի՝ Փրկչի/Հիսուս Քրիստոսի/ ծննդյան քառասուներորդ օրը նրա ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, որդուն տաճար տարան: Այստեղ նրան ընդառաջ եկավ Սիմոն ծերունին, որտեղից և տոնի անունը՝ Տերանընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ:
Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:
Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` դրանք իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը:
Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու, այստեղից էլ տոնի անունը Տեառնընդառաջ` տիրոջն ընդառաջ:
Տեառնընդառաջիառաջինծեսըկրակվառելնէ: Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Հանդիսակատարության ժամանակ երիտասարդները, վառ մոմերը ձեռքում, շարքով կանգնում էին դեզի առաջ: Երբ քահանան իր մոմով առաջինը վառում էր դեզը, նրանից հետո իսկույն վառում էին նորապսակները, և այլևս ոչ ոք:
Երիտասարդները վառած մոմերով վերադառնում են տուն, վառում նախօրոք պատրաստված փոքրիկ դեզերը և թռնում վրայով: Դեզը վառելու միջոցին հրացաններով կրակում են, որոնց ձայնից շները վախենում են և մի կողմի վրա փախչում: Փախած կողմով էլ որոշում են այդ տարվա հողային առատությունը:,
Անցյալում նորահարսերը ճյուղերի վրա տարբեր գույների կտորներ` լաթեր էին կապում, որևէ իղձ պահում մտքում և այդ ճյուղը գցում եկեղեցու բակում վառվող խարույկը: Քանի դեռ կրակը վառվում էր, կանայք մի սկուտեղի վրա լցրած փոխինդը, աղանձը, չամիչը, ընկույզը, կարմրացրած եգիպտացորենը, բոված սիսեռը, դդմի կորիզը և այլն բերում էին, պտտվում կրակի շուրջը, մի մասը բաժանում երեխաներին, մյուս մասը ներս տանում: Կրակի մոտ շատերը փոխինդ էին շաղախում մեղրով կամ դոշաբով: Տարեկան երկու անգամ` Տյառնընդառաջին և Ս. Սարգսին շաղախած փոխինդ ճաշակելն ուղղակի անհրաժեշտություն էր:
Մեծ կարևորություն ուներ նաև Տյառնընդառաջի խարույկի մոխիրը: Այն, ըստ պատկերացումների, օժտված էր բուժող ու առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում հիվանդներին, քսում էին երեխաների վզին ու դեմքին, որ չհիվանդանան, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Գարնանը մոխրից շաղ էին տալիս արտերում, ու մուկը ցանքսը չկտրի, շաղ էին տալիս հավաբնում, գոմում: Շատերն այդ մոխիրը պահում էին և ամեն անգամ հաց թխելիս մի պտղունց գցում թոնրի կրակի մեջ:
Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները : Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր, ապա նա այդ տարի ամուսնանալու էր :
Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ:
Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում` կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ`(դումբրուկ) ու բաժանում տնեցիներին:
Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ,աղանձ: Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ: Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի: